Այս ուրբաթ և շաբաթ օրը Սարյան փողոցը դարձել է Երևանի զարկերակը: Եթե նույնիսկ տեղյակ չեք, թե ինչ իրարանցում է տեղի ունենում մայրաքաղաքում, Ձեր ոտքերն ու հոտառությունն ակամայից Ձեզ այստեղ կբերեն:
Արդեն երրորդ տարին է, ինչ Սարյան փողոցի երկայնքով անցկացվում է «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Վայրի ընտրությունն իհարկե պատահական չի արվել: Չէ՞ որ հենց Սարյան փողոցում են վերջին տարիներին կենտրոնացել քաղաքի լավագույն գինետներից շատերը՝ Voskevaz, InVino, Saryan Notes, Տափաստան և այլն:
Այս տարի միջոցառումն անցկացվում է Մայիսի 3-ին և 4-ին, երեկոյան ժամը 5-ից մինչև գրեթե կեսգիշեր:
Տարբեր կողմերից Սարյան փողոցին մոտենալիս արդեն կարելի է զգալ միջոցառման ձայնը, հոտն ու տրամադրությունը: Ամենուրեք ուրախ ժպիտներ են, ծաղիկներ ու գինի, գեղեցիկ ձևավորված տաղավարներ, գինովցած մարդիկ, լրագրողներ, հանրային դեմքեր ու բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Միջոցառումն արդեն սիրված ու սպասված է դարձել ոչ միայն հայ գինեսերների, այլ նաև Հայաստան ժամանակ զբոսաշրջիկների համար: Շատերը նաև Հայաստան են գալիս հենց այս միջոցառմանը մասնակցելու համար: Երեկ միջոցառման առաջին օրն էր, և Սարյան փողոցում ավելի շատ ռուսերեն ու անգլերեն էր հնչում, քան հայերեն: Սա իհարկե ուրախացնում է, քանի որ կարող ենք մեր երկրի հյուրերին ցույց տալ Հայկական գինիների հարստությունը, ավանդույթներն ու պատմությունը, համերի ու բույրերի բազմազանությունը:
Այս տարի միջոցառման համար ավելի երկար ու ընդարձակ տարածք է հատկացվել, որն էլ ավելի հեշտ ու հաճելի է դարձնում մարդկանց տեղաշարժը: Միջոցառման մուտքն անվճար է, սակայն գոյություն ունեն գինու համտեսի փաթեթներ: Դրանք կարելի է ձեռք բերել 6000 ՀՀ դրամով Թումանյան-Սարյան խաչմերուկում տեղակայված տաղավարներից մեկում: Այս հատվածը նաև փառատոնի մուտքն է, որտեղից կարելի է արդեն Սարյան փողոցով շարժվել դեպի աջ կամ ձախ:
Եթե 7 բաժակ գինին Ձեզ համար շատ է, ապա կարող եք գնել նաև 500 դրամարժողությամբ առանձին կտրոններ, որոնք նախատեսված են Ձեր նախընտրած գինեգործից մեկ ամբողջական բաժակ գինի խմելու համար:
Միջոցառմանը ներկայացված ռեստորանները գինիներից բացի ներկայացնում են նաև իրենց խոհանոցների բազմազանությունը: Ամեն քայլափոխի կարելի է համտեսել ախորժաբեր ու գեղեցիկ նախուտեստներ, հիմնական ուտեստներ, մսեղեն ու տարատեսակ պանիրներ: Յուրաքանչյուրի համար կարելի է համապատասխան գինի ընտրել ու գերագույն հաճույք ստանալ այս յուրահատուկ ընթրիքից, որն ուղեկցվում է նաև հաճելի երաժշտությամբ:
Երևանյան ռեստորաններից բացի միջոցառմանը ներկա են նաև Թռչող Ջայլամ հրաշք ռեստորանը Դիլիջանից, յուրահատուկ ինտերիերով Յասամանը Ծաղկաձորից, ձկնեղենով հայտնի Չերկեսի Ձորը Գյումրիից և այլն:
Խորհուրդ ենք տալիս միջոցառմանը գնալ ոչ շատ ուշ ժամի, որպեսզի կարողանաք ազատորեն շարժվել և մոտիկից տեսնել բոլոր տաղավարներն իրենց ամբողջ գեղեցկությամբ: Որոշ տաղավարներ նախատեսված են նաև հետաքրքիր ֆոտոսեսսիա կազմակերպելու համար:
Այնպես որ, եթե դեռ չեք հասցրել մասնակցել միջոցառմանը, ապա այսօր երեկոյան շտապեք դեպի Սարյան փողոց: Ձեզ սպասում է շատ հաճելի ժամանց: